Գործակալությունը ուսումնական և փորձի փոխանակման շաբաթ է անցկացրել Էստոնիայում

  • 2024-02-20
News Photo

Փետրվարի 12-ից 16-ը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պատվիրակությունը, որի կազմում էին Գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը, Վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Վիգեն Սահակյանը և նույն բաժնի ավագ իրավաբան Սիմոն Սիմոնյանը, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել է «Անձնական տվյալների պաշտպանությունը թվային դարաշրջանում» խորագրով քառօրյա ուսումնական և փորձի փոխանակման հավաքի, որի կազմակերպիչը Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) էր:

Միջոցառման օրերին Արևելյան գործընկերության 4 երկրների՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների ներկայացուցիչներն առիթ ունեցան մասնակցելու մի շարք հետաքրքիր դասընթացների՝ անձնական տվյալների պաշտպանության և թվայնացման ոլորտում էստոնացի մասնագետների մատուցմամբ, հանդիպումներ ունեցան Էստոնիայի էկոնոմիկայի և կապի նախարարությունում, Արդարադատության կանցլերի, ինչպես նաև՝ Անձնական տվյալների պաշտպանության տեսչության գրասենյակներում։

Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալու թվայնացման ոլորտում Եվրոպայի ամենաառաջադեմ երկրներից մեկի՝ Էստոնիայի փորձին, մասնավորապես E-Estonia ձևաչափին, որում միավորված են երկրում թվային բոլոր ծառայությունները, և թվայնացման այդ ողջ համատեքստում այս երկրի կուտակած փորձին՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում:

Հանդիպումների ընթացքում ձեռք բերված կապերի ու փորձի փոխանակման արդյունքում կողմերը պայմանավորվեցին առավել սերտորեն համագործակցել միմյանց հետ և շարունակել կիսվել կուտակած փորձով գործընկեր երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ: