Մայիսի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսները՝ պետական գերատեսչությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացն ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ակտիվ համագործակցությամբ և ֆինանսավորվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
«Գործակալությունն ստեղծվել է 2015 թվականին, և հաջորդ տարի կդառնա արդեն 10-ը տարեկան, սակայն մինչև այսօր առանձին կայքով ներկայացված չէր համացանցում, այլ՝ միայն սոցիալական ցանցերում: Այդ իսկ պատճառով կայքի ստեղծումն անչափ կարևոր էր մեզ համար՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և ի վերջո նաև այս միջոցով ապահովելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը»,-ողջույնի իր խոսքում նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը:
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգմացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի» հայաստանյան ծրագրերի համակարգող/տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչիկ Յարմալոյանը ներկայացրեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ ընթացող բազմամակարդակ արդյունավետ համագործակցության մասին՝ առանցքային կարևորություն հաղորդելով Գործակալության կայքի ներկայացմանը և Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հանրային ծառայողների համար մշակված առցանց դասընթացին, որն իր տեսակի և ձևաչափի մեջ առաջինն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում: «Մեզ համար տեսանելի են այն ջանքերը, որ գործադրում է թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ այս ոլորտը զարգացնելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու ուղղությամբ: Եվ մենք՝ որպես դրանում շահագրգիռ կառույց, պարտավորված ենք զգում աջակցելու, լինելու այս կառույցի կողքին՝ դրա կարողությունների հզորացման ու կայացման ճանապարհին»,- ընդգծեց նա:
«Դասընթացն ի սկզբանե նախատեսված էր համայնքային ծառայողների, քաղաքացիական ծառայողների, այսինքն՝ պետական ապարատի աշխատակիցների համար, բայց քանի որ վերջնարդյունքում ունեցանք մի պրոդուկտ, որն ունիվերսալ է, կարծում ենք, այն ըստ էության բոլորի համար է, այդ թվում՝ նաև մասնավոր կազմակերպությունների աշխատողների, ուսանողների, կադրային գործի կազմակերպիչների և այլն»,- ներկայացնելով դասընթացի բովանդակությունը՝ նշեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը:
Հավելենք, որ 7 մոդուլներից, դրանց վերաբերյալ թեստերից, աուդիովիզուալ, խաղարկային բաղադրիչներից բաղկացած այս դասընթաց բոլորին հասանելի տարբերակով արդեն հասանելի է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության (Pdpa.am) պաշտոնական կայքում: