Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մասնակցում է Բրյուսելում ընթացող Տվյալների պաշտպանության ակադեմիային

  • 2024-09-12
News Photo

Սեպտեմբերի 9–ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Անձնական տվյալների պաշտպանության ակադեմիայի բացումը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի գլխավորությամբ։ Մեկշաբաթյա ակադեմիայի ընթացքում մասնակից Արևելյան գործընկերության և Արևմտյան բալկանների երկրների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ունկնդրելու ոլորտի հեղինակավոր մասնագետների զեկույցները մի շարք արդիական թեմաներով, ինչպես նաև փորձի փոխանակման ու քննարկումների միջոցով հարստացնելու գիտելիքներն ու փորձառությունը այս ոլորտում։

Ակադեմիայի առաջին օրը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների պատվիրակությունները կիսվել են տվյալների պաշտպանության ոլորտում իրենց առաջընթացի վերաբերյալ կարևոր թարմացումներով՝ կենտրոնանալով օրենսդրական առաջընթացի իրականացման և ամրապնդված միջազգային համագործակցության վրա։

Երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում անձնական տվյալների պաշտպանության մարտահրավերներն ու հնարավորությունները՝ հատկապես կարևորելով անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների՝ անկախ գործելու հնարավորությունը և Տվյալների պաշտպանության պատասխանատուների կարևոր դերը կարգավորող մարմինների հետ աշխատելիս:

Ողջույնի խոսքերով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի միջազգային հարաբերությունների և տվյալների հոսքերի բաժնի ղեկավար Լուիզա Քլինվալը և Տվյալների պաշտպանության եվրոպական խորհրդի նախագահ Անու Տալուսը, ՍԻԳՄԱ ծրագրի ծառայությունների մատուցման թիմի ղեկավար, ավագ խորհրդական (ՏՀԶԿ/ԵՄ) Նիք Թեսի հետ։

Ակադեմիական շաբաթվա երրորդ օրը՝ սեպտեմբերի 11–ին, եվրոպացի փորձագետները ներկայացրին զեկույցներ անձնական տվյալների պաշտպանության ու տեղեկատվության ազատատության իրավունքների առնչությունների, հանրային ոլորտում անձնական տվյալների պաշտպանության հնարավոր խախտումների  հայտնաբերման նպատակով ստուգումների և EUROPOL–ի և Eurojust–ի համաձայնագրերի շրջանակում տվյալների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Մասնակից երկրների ներկայացուցիչները հղեցին հարցեր զեկուցվող թեմաների վերաբերյալ և կիսվեցին իրենց երկրներում առկա փորձով։

Ակադեմիայի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13–ը։