Հոկտեմբերի 9-11-ը Երևանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում գտնվում էր ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, ով ուսումնասիրում է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ներկայիս վիճակը, ազգային իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև՝ ոլորտում առկա բացերը և մարտահրավերները։
Ծրագրի ավարտին փորձագետը պատրաստելու է զեկույց, որտեղ կներառվեն առաջարկություններ ոլորտի բարելավման համար, ինչպես նաև՝ Հայաստանի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի 5 տարվա ռազմավարական զարգացման ծրագիրը։
Փորձագետը ծանոթացել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վերջին տարիների գործունեությանը, գնահատել է դրա ներուժը և աշխատանքային պայմանները, ինչպես նաև լսել անձնակազմի առաջարկությունները՝ ոլորտում արձանագրված ձեռքբերումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Քննարկվել են նաև անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենսդրության կատարելագործմանն առնչվող հարցեր։
Այցի ընթացքում Փիլիպոս Միթլթոնն ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների, Դատախազության, Դատական դեպարտամենտի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ամփոփիչ նիստը կայացել է հոկտեմբերի 11-ին, որի ընթացքում փորձագետը ողջունել է Գործակալության կողմից իրականացված աշխատանքները և այցը գնահատել արդյունավետ։