Անվտանգ համացանցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց դպրոցականների համար մրցույթի ամփոփմամբ

  • 2024-04-22
News Photo

Ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված անվտանգ համացանցին և անձնական տվյալների պաշտպանությանը, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում ամփոփվեցին Գործակալության հայտարարած Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները, որը նախատեսված էր ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններիսովորողների համար: Իսկ երկրորդ մասում տեղի ունեցավ Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու ուղեցույցի և բուկլետի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ողջույնի խոսք հղեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գերմանական համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագրերի համակարգող Հրաչ Յարմալոյանը:

Անձնական տվյալների պաշտպանության իրավունքն, իհարկե, չի սահմանափակվում միայն համացանցում տվյալների պաշտպանությամբ, բայց անձնական տվյալների մշակումն այսօր ամենից շատը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ է տեղի ունենում, իսկ խախտումներն՝ առավել հաճախ համացանցում են արձանագրվում,-խոսելով միջոցառումների շարքի թեմայի ընտրության մասին՝ արձանագրեց Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը՝ շեշտելով, որ գործող ողջ տարին՝ 2024 թվականը,Գործակալությունը հայտարարել է անվտանգ համացանցի տարի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր հերթին, բարձր գնահատելով անձնական տվյալների պաշտպանության դերը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, մատնանշեց մի շարք ուղղություններ, ոլորտներ, ինչպես օրինակ դատական գործերի վերաբերյալ հրապարակվող տեղեկություններում կամ բարեգործական տարբեր միջոցառումների շրջանակում երեխաների տվյալների ոչ համաչափ հրապարակման խնդիրները: Կարևորելով հատկապես խոցելի խմբերում գտնվող երեխաների անձնական տվյալների պաշտպանության խնդիրները՝ վերջինսհույս հայտնեց, որ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների ու նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեղեկացվածության, հետևաբար՝ նաև իրավունքի իրացման առավել բարձր աստիճանի:

Մեր երեխաները պետք է հասկանան առցանց տիրույթի վտանգները, ինչպիսիք են կիբերհարձակումները, և թե ինչպես պաշտպանվել դրանցից: Այս առումով շատ կարևոր է քաղաքականություն մշակողների, ոլորտի մասնագետների, ծնողների և մանկավարժների միջև համագործակցությունը երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու համար: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ապահովել, որ համացանցը դրական ազդեցություն ունենա երեխաների կյանքում,-կարևորելով երեխաներին թվային գրագիտության հմտություններով զինելու առաքելությունը՝ իր խոսքում նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Գերմանական համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Արևելյան գործընկերության հանրային բարեփոխումների տարածաշրջանային ծրագրերի համակարգող, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչ Յարմալոյանը, կարևորելով անձնական տվյալների պաշտպանության թեման GIZ-ի՝ հանրային կառավարման բարեփոխումների ծրագրերում, բարձր գնահատեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և կառույցի միջև ստեղծված համագործակցությունը՝ ներկայացնելով այն ուղղությունները, որոնք ընտրվել են՝ իբրև այդ համագործակցության առանցքային ծրագրերի բովանդակություն:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը, ներկայացնելով Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները, շնորհակալություն հայտնեց մրցույթին դպրոցների ու աշակերտների բարձր ակտիվության համար՝ ընդգծելով, որ հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերել մարզային դպրոցները: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 100-ից ավելի դպրոցի շուրջ 350 աշակերտ:

Մրցանակներ էին սահմանված ինչպես առաջին երեք տեղը զբաղեցրած աշակերտների համար, այնպես էլ ամենաակտիվ դպրոց, լավագույն թիմային աշխատանք, ամենանախաձեռնող ուսուցիչ անվանակարգերում: Մի շարք երեխաներ էլ ստացան հատուկ ու խրախուսական մրցանակներ մրցույթի գործընկերների կողմից:

Միջոցառման երկրորդ մասում Գործակալությունը ներկայացրեց վերջերս հրապարակված «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու ուղեցույցը և բուկլետը, որի շնորհանդեսը կայացավ հենց դահլիճում: Ուղեցույցը երեխաների նկարները համացանցում հրապարկելու, դրա ռիսկերի ու հրապարակումներ անելիս անվտանգ տեխնիկական միջոցներ կիրառելու մասին է: