Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է պատրաստակամություն նպաստելու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը

  • 2024-11-27
News Photo

Սույն թվականի նոյեմբերի 26-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարին, տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսին և դեսպանության ծրագրերի ղեկավար, համակարգող Մարիամ Դավթյանին։

Գրիգոր Ներսիսյանը կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի (CNIL) դերը Եվրոպայում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման գործում՝ նշելով, որ այն օրինակելի մոդել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության համար։ Քսավիե Ռիշարն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և բարձր գնահատականի համար՝ առաջարկելով փոխադարձ այցերի ու համագործակցության այլ ձևաչափերի միջոցով կապ ստեղծել երկու երկրների անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև։

Գրիգոր Ներսիսյանը ներկայացրել է Գործակալության կատարած աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու լիազոր մարմնի զարգացման տեսլականը։

Կողմերը քննարկել են Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները, դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններն ու թիրախները։