Քննարկվել է երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ընթացքը

  • 2024-12-26
News Photo

Դեկտեմբերի 26-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանին։ Գործակալության պետը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ անձնական տվյալների պաշտանության իրավունքի նկատմամբ ՅՈՒՆԻՍԵՖ–ի ցուցաբերած ուշադրության և համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված հետևողականության համար։

Մասնավորապես, այս տարի երկու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել և հրատարակվել է «Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում» ձեռնարկը, որի հիման վրա նախատեսվում է ուսուցումների շարք իրականացնել Հայաստանի դպրոցներում։ Որպես ծրագրի առաջին փուլի շահառուներ են ընտրվել Տավուշի մարզի ուսումնական հաստատությունները։

Կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կարևորությունը և խոստացել մեկտեղել ջանքերը երեխաների՝  համացանցից անվտանգ օգտվելու կարողությունների զարգացման  գործում։