Հունվարի 16-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի, ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոյի, IFES ավագ խորհրդական Աղասի Եսայանի, IFES կիբեռանվտանգության մասնագետ Պերճ Բոշնաղյանի և IFES միջազգային փորձագետ Ռոնան Մաքդերմոտի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ընտրական օրենսգրքի գործող իրավակարգավորումների համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև՝ ապագայում անձնական տվյալների անվտանգության բարձրացման նպատակով ընտրողների գրանցման նոր սերնդի տեխնիկական սարքավորումներ ներդնելու հնարավորությունները:
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը ներկայացրել է ընտրությունների գործընթացում մշակվող անձնական տվյալների շրջանակը և եղանակները, իսկ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ներկայացուցիչները Գործակալության դիտարկմանն են ներկայացրել ապագայում առավել նվազ ծավալով անձնական տվյալների մշակմամբ ընտրողների նույնականացման նոր կառուցակարգերը:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն իր հերթին ընդգծել է ընտրական գործընթացում անձնական տվյալների պաշտպանության հարցերի կարևորությունը՝ նշելով, որ ընտրական գործընթացներում անձնական տվյալների մշակումը պետք է հիմնված լինի ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային լավագույն չափանիշների վրա։ Գործակալության պետը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ մասնագիտական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների մշակման հարցում, որոնք կապահովեն ընտրական գործընթացում ընտրողների անձնական տվյալների արդյունավետ պաշտպանություն:
Հանդիպմանը մասնակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ընտրական գործընթացում անձնական տվյալների անվտանգության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ մշակելու և ներդնելու կապակցությամբ: