Ուսանողների հանդիպումն Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում

  • 2025-01-30
News Photo

Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում հունվարի 30-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները՝ դասախոս Ռուզաննա Ղարիբյանի ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում:

Հանդիպման ընթացքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը խոսեց օրվա խորհրդի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կարևորության ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կատարած աշխատանքների մասին։ Գործակալության պետն ուսանողներին հորդորեց հետևողական լինել այս կարևոր իրավունքի իրացման հարցում՝ նշելով, որ անձնական տվալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է սահմանադրական մակարդակում։

Հանդիպմանը բանախոսությամբ հանդես եկան գործակալության Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանը և գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը, ովքեր հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին անձնական տվյալների մշակման հիմնական սկզբունքները, ոլորտային օրենսդրությունը ու առկա մարտահրավերները։ Հանդիպման մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսներին, կիսվեցին տպավորություններով ու ստացած գիտելիքների վերաբերյալ հարցադրումներով։