2025թ․ փետրվարի 20-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում և լուծման ուղիները Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում» խորագրով առանց հղումների փորձագիտական քննարկումը։
Քննարկման հիմնական բանախոսը ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ պարոն Գրիգոր Ներսիսյանն էր, ով համառոտ ներկայացրեց իր ղեկավարած գործակալության դերը, առաքելությունը Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության բնագավառում, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և անելիքները։
Քննարկմանը ներկա էին ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետներ ինչպես նաև տարբեր մտակենտրոնների ներկայացուցիչներ, ովքեր իրենց դիտարկումներն արեցին կապված ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լրացումների և բացերի մասին, հատուկ շեշտադրվեց քաղհասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը։
Քննարկմանը փորձագետների կողմից ներկայացվեցին նաև գործնական առաջարկություններ կապված անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, ժամանակի առաջընթացի հետ մեկտեղ կառույցի լիակատար անկախության, կարողությունների զարգացման, կադրերի վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման և ներդրման առաջնահերթության վերաբերյալ։
Հանդիպումն ընթացավ փոխադարձ վստահության ու գործնական մթնոլորտում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումները շարունակել նաև հետագայում ավելի ընդլայնված կազմով։