Սույն թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցավ Հանրային ծառայությունների վերակառուցման և թվայնացման ծրագրերի շրջանակում նախատեսված վերջին միջոցառումը, որին, ի թիվս այլ գերատեսչությունների, Հայաստանից մասնակցում էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ ի դեմս Գործակալության ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Մաթևոսյանի: Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության/ՍԻԳՄԱ (OECD SIGMA) կողմից:
Հանրային ծառայությունների բարեփոխումների անհրաժեշտությունը հստակորեն ամրագրված է Արևելյան գործընկերության բոլոր երկրների ռազմավարական փաստաթղթերում, որտեղ այդ ծառայությունների վերափոխումն ու թվայնացումը վճռորոշ դեր են խաղում և ուղղակիորեն նպաստում են ծառայությունների բարելավմանը: Իսկ դրանց իրական շահառուներն, իհարկե, քաղաքացիներն ու կազմակերպություններն են, որոնք, ըստ էության, այդ ծառայությունների «սպառողներն» են: Ուստի, ծառայությունների որակի գնահատման և բարելավման գործում էական է նրանց կարծիքի ստացումը, վերլուծությունը և դրանից բխող գործողությունների մշակումը: Այս համատեքստում քննարկվեցին նաև քաղաքացիների կողմից կարծիքների հավաքագրման գործընթացում անձնական տվյալների պաշտպանության հնարավոր խնդիրները և լավագույն լուծումները՝ հիմնված եվրոպական փորձի վրա:
Միջոցառման բոլոր 5 օրերը հագեցած էին փորձառու մասնագետների զեկուցումներով, որոնց շարքում էին Մոնտենեգրոյի պետական կառավարման և թվայնացման նախարար Թամարա Սրզենտիչը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության/ՍԻԳՄԱ (OECD SIGMA) Հանրային կառավարման տնօրինության քաղաքականության վերլուծաբան Բրետ Քարսոնը, նույն կազմակերպության քաղաքականության վերլուծաբան Սինա Սմիդը և այլք:
Ամփոփելով միջոցառումների շարքը՝ կազմակերպիչներն ու մասնակիցները պայմանավորվեցին շարունակել ստեղծված համագործակցությունը և մտածել նոր հարթակների մասին: