Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Արևելյան գործընկերության երկրների տվյալների պաշտպանության մարմինների արդյունավետ համագործակցությունը շարունակվում է՝ GIZ-ի աջակցությամբ

  • 2025-07-22
News Photo

2025 թվականի հուլիսի 21-ին կայացավ առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության երկրների անձնական տվյալների պաշտպանության մարմինների միջև համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա քայլերը։ Հանդիպումը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի աջակցությամբ։

Հայաստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հանդիպման ընթացքում ներկայացրեց տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու ընթացիկ զարգացումները։ Հատուկ ուշադրություն դարձվեց Եվրոպական տվյալների պաշտպանության խորհրդում (EDPB) դիտորդի դերին, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգերին։

Գործակալությունը իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպական տվյալների պաշտպանության վերահսկիչի գրասենյակին (EDPS)՝ մասնագիտական փորձի և արժեքավոր խորհուրդների տրամադրման համար։ EDPS-ը, հանդիսանալով EDPB-ի անդամ կազմակերպություն, կարևոր դերակատարություն ունի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական համակարգում։

GIZ-ը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Արևելյան գործընկերության երկրների, ինչպես նաև դրանց և Եվրոպական միության ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությանը՝ պետական կառավարման բարեփոխումների և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման ուղղությամբ։

2023 թվականից ի վեր GIZ-ի համակարգմամբ զարգանում է Արևելյան գործընկերության երկրների տվյալների պաշտպանության մարմինների համագործակցային ցանցը։ Այս համագործակցությունը ներառում է երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափեր՝ ԵՄ անդամ պետությունների, ԵՄ ինստիտուտների և գործընկերների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ OECD SIGMA-ն, EDPB-ն, EDPS-ը, Եվրոպական հանձնաժողովը, ReSPA-ն և Արևմտյան Բալկանների տարածաշրջանային համագործակցության խորհուրդը (RCC)։

Այս գործընկերությունը ձևավորվում է «Պետական կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում III» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը իրականացնում է GIZ-ը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հանձնարարությամբ։