Հայաստանը երրորդ անգամ մասնակցել է Տվյալների պաշտպանության շաբաթին

  • 2025-12-10
News Photo

Դեկտեմբերի 1-ից 5-ը արդեն երրորդ անգամ Բրյուսելում տեղի է ունեցել Տվյալների պաշտպանության շաբաթը, որի ընթացքում լավագույն փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով մեկ հարկի տակ են հավաքվել Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների 9 երկրների անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների ներկայացուցիչները: «Անձնական տվյալների պաշտպանության ուսուցման շաբաթ.    3-րդ հանդիպում» միջոցառմանը Հայաստանի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից մասնակցում էր Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Թադևոսյանը:

Եվրոպական միության տվյալների պաշտպանության ստանդարտների շուրջ փորձի փոխանակման մեկշաբաթյա նախաձեռնության միջոցառման շրջանակում մասնակիցներին հյուրընկալեցին Եվրոպական հանձնաժողովը և Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը։ Մասնակիցները ծանոթացան տվյալների կառավարման ԵՄ մոտեցումներին, հանդիպում ունեցան Տվյալների պաշտպանության եվրոպական խորհրդի և Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցեցին ալգորիթմային որոշումների կայացման վերաբերյալ աշխատաժողովին։

Արհեստական բանականության դարաշրջանում անձնական տվյալների պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը Հայաստանի անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչը ներկայացրեց կառույցի իրականացրած աշխատանքներն այս ուղղությամբ և գործունեության ընթացքում վեր հանված խնդիրներն ու մարտահրավերները ԱԲ գործիքների կիրառմամբ տվյալների մեծածավալ մշակման արդյունքում:

Ուսումնական այցը կազմակերպվել էր «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացնում է GIZ-ը։